Ռուսաստանը չի պատրաստվում Արեւմուտքին աղաչել՝ վերացնել պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ-ի եւ Բելառուսի ԱԳՆ-ների կոլեգիայի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ:
«Պատժամիջոցները մեր ընտրությունը չեն եղել, բայց մենք չենք պատրաստվում աղաչել արեւմտյան երկրներին՝ չեղյալ հայտարարել դրանք, թեեւ մեզ պարբերաբար ակնարկում են. եկեք համաձայնեցնենք որոշակի չափանիշներ, մենք ձեզ կասենք, թե ինչ պետք է անեք, իսկ մենք դրա դիմաց կհանենք պատժամիջոցները: Մնեք նման խաղեր չենք խաղալու»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հակադրություն չի փնտրում Արեւմուտքի հետ: «Մենք հստակ պնդել ենք, որ մեր աշխատանքում ղեկավարվելու ենք մեր եվրոպացի գործընկերներին հասկացնելով, որ պատժամիջոցները ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Այն ամբողջությամբ ապակառուցողական է այն նպատակներին հասնելու փորձերի տեսանկյունից, որոնք իր առջեւ դրել է եվրոպական կողմը»,-հավելել է ռուսաստանցի նախարարը:




























