Հայոց հարցն ու 1915 թվականի Ցեղասպանությունն առաջին անգամ Թուրքիայում բազմակողմանիորեն դիտարկվել է Վեդաթ Թյուրքալիի նոր վեպում, ով նախկինում ազգային տարբեր փոքրամասնությունների մասին գրել է գրական այլ ստեղծագործություններում: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:

Նոր վեպն անցյալի իրադարձություններին հետադարձ հայացք է նետում մի զույգի սիրո պատմության ֆոնին՝ ինքնավստահ աղջկա եւ երիտասարդ տղայի, ով ինքնավստահությունը կորցրել է Դիարբեքիրի բանտում ստացած հոգեկան վնասվածքի հետեւանքով:

Գրողը պատմում է 1909 թվականի Կիլիկիայի զանգվածային ջարդերի մասին, որոնք նախորդել են Հայոց ցեղասպանությանը: Հեղինակը գրում է նաեւ Խարբերդի նահանգից եւ պատմական Հայաստանի այլ շրջաններից արտաքսումների մասին: Նա հիշում է, թե ինչպես է երկիրը վերածվում հսկայական գերեզմանատան: