ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բարձրաստիճան պաշտոնյան ԼՂ կարգավորման հարցում կանխակալ եւ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել:
ԱՊԱ-ն հայտնում է, որ այդ կազմակերպության փոխնախագահ Գեորգի Ծերեթելին հայտնել է, թե ԵԱՀԿ ԽՎ-ն անօրինական է համարում ադրբեջանցի պատանդների դատը «այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»:
Ըստ նրա՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կառույցների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, կարելի է ասել, որ «դատն» անօրինական է:
«Նման դատեր կարող են լինել նաեւ չճանաչված Աբխազիայում, բայց մենք այն չենք ընդունում: ԵԱՀԿ ԽՎ-ում պատանդների հարցը չի քննարկվել, բայց կարող եմ ասել, որ տվյալ հարցի լուծումը պետք է համապատասխանի միջազգային սկզբունքներին»:
Փոխնախագահը չի կարողացել հստակ պատասխանել, թե ինչ քայլեր կձեռնարկի ԵԱՀԿ-ն Ադրբեջանի քաղաքացիներին ազատելու համար. «Նման հարցերին պատասխանելու համար պատրաստվել է պետք: Ես նման հարցերի պատրաստ չեմ պատասխանելու, բայց ԵԱՀԿ-ում կան համապատասխան կառույցներ, որոնք կարող են պատասխանել»:
Ստացվում է՝ հեղինակավոր կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան ընդունակ է միայն նեղացած խոսել սեփական խնդիրների մասին, հիշել Աբխազիան: Անչափահասին կյանքից զրկած, հետախուզական գործողություններ իրականացրած, տղամարդու սպանած եւ մի կնոջ վիրավորած անձանց գործողություններին պարոն Ծերեթելին պատրաստ չէ գնահատական տալու եւ ուղարկում է պատկան մարմինների մոտ:
Ի գիտություն սրտնեղած պաշտոնյայի՝ Հայաստանը նույնպես ճանաչում է հարեւան պետության ամբողջականությունը, այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի Հանրապետության տարածք չի եղել:



























