Խորհրդարանական եռյակը կառավարությանը ներկայացված 12 պահանջների մասով իշխանությունների բանակցություններ վարելու իմաստը չի տեսնում: Այդ մասին ասյօր՝ նոյեմբերի 19-ին, ամփոփելով եռյակի ներկայացուցիչների (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») հերթական նիստի արդյունքները, լրագրողներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Խորհրդարանական եռյակի անունից իրավասու եմ հայտարարել, որ կառավարությանը ներկայացված 12 կետերի մասով իշխանությունների հետ բանակցություններ վարելու իմաստը չենք տեսնում: Մեր գնահատումներով՝ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ խորհրդարանական եռյակին գործընթացի մեջ ներքաշում՝ ժամանակ ձգելու եւ համաժողովրդական շարժման հզորությունը թուլացնելու նպատակով», - ընդգծեց Զուրաբյանը: Նրա խոսքով՝ խորհրդարանական եռյակը արդյունավետ նիստ անցկացրեց, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ինչպես նաեւ 12 կետերի մասով կառավարության առաջարկության եւ եռյակի հետագա գործունեության շուրջ համաձայնություն է ձեռքբերվել:



























