ԱԺ պատգամավորներին հաստիքավոր խորհրդականների խումբ է հարկավոր կառավարությունից ստացվող օրինագծերի համար, ասված է մի քանի խմբակցությունների պատգամավորների ներկայացրած օրինագծում, որով փոփոխություններ են նախատեսվում խորհրդարանի կանոնադրությունում:

Օրինագիծը ներկայացրել են ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը, Խոսրով Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանը (բոլորը՝ ՀՀԿ-ից), Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Մհեր Շահգելդյանը («ՕԵԿ»):

Կառավարության գրավոր եզրակացությունում նշվում է, որ օրինագծի ընդունումը անհրաժեշտ չէ, քանի որ խորհրդականների  գործառույթներն այնքան էլ հստակ չեն. եթե նրանց խնդիրը պետությունից տեղեկատվություն ստանալն է, ապա նման լիազորություն ունի ցանկացած պատգամավոր: Անհասկանալի է նաեւ խորհրդականների կարգավիճակը. Եթե նախատեսվում է նրանց աշխատանքի վերցնել որպես խորհրդարանի աշխատակազմի անդամ, ապա դրա համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Պետական ծառայության մասին» օրենքում: