ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կողմերին խաղաղ կարգավորման կոչ է անում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերով ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանը, հաղորդում է ԱՊԱ-ն:
«Լեռնային Ղարաբաղում հայկական ուղղաթիչի ոչնչացման փաստի առթիվ հանդես են եկել եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ ԱՄՆ պետքարտուղարությունը: Մեր դիրքորոշումն այն է, որ մենք ափսոսում ենք այն պատճառների համար, որոնց հետեւանքով խոցվել է ուղղաթիռը: Մենք կողմերին կոչ ենք անում խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով: Սոչիում, Ուելսում եւ Փարիզում նախագահների հանդիպումներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ առաջընթաց գրանցվել: Մենք կողմերին կոչ ենք անում շարունակել այդ պայմանավորվածությունները, եւ արդյունքում հասնել վերջնական խաղաղ կարգավորման»,-ասել է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի կործանման առնչությամբ: Նրանք կողմերին կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը:
Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն հրազենային կրակ բացել դեպքի վայրի ուղղությամբ: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են նման գործողությունների անթույլատրելիության մասին:




























