Պետական մարմինների գործողությունների դեմ բողոքների համար միասնական հանձնաժողով կստեղծվի: Այդ մասին ասվում է «Տեսչական մարմինների մասին» օրինագծում, որի շուրջ այսօր՝ նոյեմբերի 20-ին, խորհրդարանում սկսվել են քննարկումները:
Հանձնաժողովում հնարավոր կլինի բողոքարկել պետական մարմինների ստուգումների արդյունքներով հաստատված ակտերը, ինչպես նաեւ ստուգումներ իրականացնող պետպաշտոնյաների այլ գործողությունները: Հանձնաժողովը բաղկացած կլինի 9 անդամներից եւ ղեկավարից՝ վարչապետից կամ նրա կողմից նշանակված անձից: Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովում կընդգրկվեն էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները, հասարակական կազմակերպություններից երեք ներկայացուցիչներ (մեկը Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներից եւ երկուսը՝ ոլորտային բիզնես ընկերակցություններից), ինչպես նաեւ գիտական հաստատություններից երկու ներկայացուցիչներ: Հանձնաժողովի որոշումները հնարավոր կլինի վիճարկել դատական կարգով:




























