Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին մեղադրել է Դերսիմի կոտորածները «էժան քաղաքական առեւտրի» վերածելու մեջ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը, քննադատելով վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից Դերսիմի կոտորածը անտեղի հիշատակելը եւ դրանով ուղղակի ընդդիմությանը վիրավորելու փորձ անելը, կոչ է արել վարվել Գերմանիայի նախկին վարչապետի նման։
«Գերմանիայի նախկին վարչապետը Հրեաների հուշարձանի մոտ չոքեց եւ ներողություն խնդրեց։ Թող վարչապետ Դավութօղլուն էլ գնա Դերսիմ, Սեյիթ Ռըզա արձանի մոտ, աղոթի, չոքի եւ ներողություն խնդրի»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։
Հիշեցնենք, որ Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։
1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։




























