Վերջին 10 ամիսների ընթացքում Երեւանում 1137 ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել, 54 մահվան եւ 1502 մարմնական վնասվածքների դեպք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է մեկով: Անցած տարի մենք ունեցել ենք 55 մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար: Նախորդ տարի 1217 ճանապարհատրանսպորտային պատահար է գրացվել այս ժամանակահատվածում, մարմնական վնասվածքները եղել են 963-ը»,- ներկայացրեց Արսեն Արշակյանը։
Մինչ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը մի փոքր նվազել է, վիրավորների թիվը կտրուկ ավելացել է, ինչը ըստ Արշակյանի, ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները:
«Բոլորս էլ գիտենք, որ ԱՊՊԱ ընկերությունները նաեւ բժշկական ծախսերն են փոխհատուցում, հետեւաբար, անկախ մարմնական վնասվածքներից, քաղաքացիները դիմում են բժշկական հաստատություններ՝ կամ ստուգման, կամ առաջին օգնության նպատակով: Ամեն բժշկի դիմելու դեպքը մեզ մոտ հաշվառվում է որպես ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով առաջացած մարմնական վնասվածք»,-ասաց Արսեն Արշակյանը:
ՃՈ պետը տեղեկացրեց, որ անցած 10 ամիսների ընթացքում 86 հազ 554 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, որոնցից 914-ի դեպքում վարորդը գտնվել է անսթափ վիճակում:
Արսեն Արշակյանը նաեւ նշեց, որ դիտարկվող ժամանակահատվածում ավելացել է երկիր ներկրված տրասպորտային միջոցների քանակը, ինչը մեծացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հավանականությունը։
«Վերջին 10 ամիսների ընթացքում 29 հազար 395 տրանսպորտային միջոց է ներկրվել Հայաստան։ Նախորդ տարի ներկրվել է 25 հազար 547: Այսինքն՝ 3548-ով ավելացել է տրասպորտային միջոցների քանակը, որոնք պոտենցիալ ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակիցներ են»,- ասաց Արշակյանը։
Այնուամենայնիվ, Արսեն Արշակյանի խոսքով, 2010-ի համեմատ նվազել են մահվան ելքով ճանապարհատրասնպորտային պատահարները, ինչը նա բացատրեց ազգաբնակչության գիտակցության բարձրացմամբ. «Եթե վարորդների եւ քաղաքացիների ենթագիտակցության մեջ չտեղավորվի, որ իրենց շահերից ելնելով են արվում ոստիկանության գործողությունները, մենք արդյունքի չեն հասնի»։




























