Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է ՌԴ ամենահարուստ գործարարներից մեկին՝ Սուլեյման Քերիմովին հայ գործարար Աշոտ Եղիազարյանին վճարել 250 մլն դոլար, գրում «Վեդոմոստին»։  Այդ գումարը ներառում է նոր «Մոսկվա» հյուրանոցի շինարարության համար հայցվորների ծախսերը։ Վճարումը պետք է իրականացվի 2 փուլով։ Առաջին վճարման ժամկետը մինչեւ նոյեմբերի 25-ն է։

1930-ականներին կառուցված «Մոսկվա» հյուրանոցը քանդվել է 2004 թվականին: Նույն տեղում նոր հյուրանոցը կառռուցել  «Դեկմոս» ընկերությունը, որի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է «Դեկորում» ընկերությանը, իսկ 49 տոկոսը՝ քաղաքապետարանին: Համարվում էր, որ «Դեկորում»-ը վերահսկում է Աշոտ Եղիազարյանը: Ինքը՝ Եղիազարյանը երկար ժամանակ հերքում էր դա, հայտարարելով, որ ընդամենը համակարգում է հյուրանոցի շինարարությունը որպես Մոսկվայի պատգամավոր:

2010-ին հայտնի է դարձել, որ «Դեկորումի» 50 տոկոսը պատկանում է Արկադի Ռոտենբերգին եւ նրա գործընկեր Կոնստանտին Գոլոշչապովին: 2010-ի վերջին Եղիազարյանը եւ նրա ներկայացուցիչները հայց են ներկայացրել Լոնդոնի միջազգային արբիտրաժ եւ Նիկոսիայի (Կիպրոս) դատարան, որտեղ պատասխանողներն են Քերիմովը, Ռոտենբերգն ու Գոլոշչապովը, ինչպես նաեւ այն ժամանակվա Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն ու նրա կինը՝ Ելենա Բատուրինան: Եղիազարյանը մեղադրել է Քերիմովին եւ Ռոտենբերգին «Մոսկվա» հյուրանոցի իր բաժինը յուրացնելու մեջ եւ կրած վնասը գնահատել 2 մլրդ դոլար: