ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպում է ունեցել նոյեմբերի 21-23-ը Երեւանում անցկացվող «Ռուսաստանի եւ Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական ֆորումի մասնակից ՀՀ եւ ՌԴ մի շարք թանգարանների տնօրենների, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների ու ֆորումի շրջանակներում բացված «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով եւ Ֆեոդոր Շալյապին. Հայացք XXI դարից» ցուցահանդեսի հրավիրյալների հետ:
Հանրապետության Նախագահը ողջունել եւ հաջողություններ է մաղթել երեւանյան ֆորումին, որի նպատակն է՝ վեր հանել մշակութային ժառանգության պահպանության գործում թանգարանների դերն ու նշանակությունը, քննարկել բնագավառի արդի մարտահրավերներն ու ձեռքբերումները, նախանշել փոխգործակցության զարգացման, փորձի փոխանակման հնարավորություններն ու հեռանկարը: Սերժ Սարգսյանը կարեւորել է նման ձեւաչափով համագործակցությանը պարբերական բնույթ հաղորդելը եւ լսել ֆորումի նպատակների իրագործման ուղղությամբ հանդիպման մասնակիցների ծրագրերն ու առաջարկությունները:
Սերժ Սարգսյանն այնուհետեւ դիտել է «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով եւ Ֆեոդոր Շալյապին. հայացք XXI դարից» ժամանակավոր ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Մ.Ի. Գլինկայի անվան թանգարանի՝ Ս. Ռախմանինովի եւ Ֆ. Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ, այդ թվում՝ նկարներ, փաստաթղթեր, ստեղծագործությունների ձեռագրեր, հազվադեպ հրատարակություններ, լուսանկարներ, անձնական եւ բեմական իրեր, որոնք պատմում են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի եւ երգիչ, դերասան, նկարիչ Ֆեոդոր Շալյապինի ողջ կյանքի, գործունեության, ստեղծագործական համագործակցության եւ մեծ բարեկամության, ինչպես նաեւ նրանց արվեստի դերի ու նշանակության մասին համաշխարհային եւ, մասնավորապես, ռուսական երաժշտական արվեստի զարգացման գործում:










































