Մենք արյան շռայլություն չունենք: Այսօր` դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի դիրքորոշում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում հնարավո՞ր է խաղաղ իշխանափոխությունը:
«Այո, ես ասում եմ` պետք է իշխանափոխություն անել առանց արյան եւ ցնցման: Մենք արյան շռայլություն չունենք, բայց կարծում եմ, որ հասարակությունը պահանջում է իշխանափոխություն: Մարդիկ կան, որոնք ինձ քննադատում են անցած տարվա այդ վիճահարույց օրվա համար, բայց մոռանում եք, որ մենք այդ օրը մենակ էինք եւ ոչ մի քաղաքական ուժ մեր կողքին չէր: Բացի դրանից` ես թույլ չէի տա, որ ինչ-որ մեկն իր փափուկ տեղից խոսի, թե ինչու արյուն թույլ տվեցինք, ինչու թաղումներ եղան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` հասարակությունը պետք է հրապարակային հաջողություն գրանցի, ոչ թե մնա միջանցքներում:
Հիշեցնենք, որ 2013-ի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպեց, բողոքելով ընտրությունների կեղծված լինելու դեմ: Ապրիլի 9-ին բազմահազարանոց երթը շարժվեց դեպի նախագահի նստավայր, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը չգնաց բախումների, նախընտրելով գնալ աղոթելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:




























