Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով վիրավորված 36-ամյա Զարուհի Հովհաննիսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Դեռեւս շարունակում է հիվանդանոցում գտնվել նրա որդին՝ 13-ամյա Էդմոն Սիմոնյանը,երեխան դուրս կգրվի մինչեւ շաբաթվավերջ:
Այրվածքաբանական կենտրոնում է գտնվում Գյումրիի հիվանդանոցի բժիշկների մեկի կինը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Արմեն Իսահակյանն ասաղ, որ կինը խորը այրվածքներ ունի, պետք է պլաստիկա արվի, վիրահատությունից հետո որոշ ժամանակ էլ կմնա հիվանդանոցում եւ հավանաբար դուրս կգրվի դեկտեմբերի վերջին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:



























