Չի կարելի ժողովրդին արձակուրդի ուղարկել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», հանրահավաքների ժամանակ չխոսեցին նպատակի եւ միջոցների մասին: «Հանրահավաքների ժամանակ խոսվեց միասնական շտաբների, համաժողովրդական շարժման, բայց նպատակի եւ միջոցների մասին հստակ չխոսվեց: Հարթակում նույնիսկ բանավեճ եղավ, սակայն չի կարելի ժողովրդին բերել եւ հերթական անգամ արձակուրդի ուղարկել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Քաղաքական գործիչը հույս հայտնեց, որ առաջիկայում արդեն կհստակեցվի եռյակի նպատակներն ու միջոցները:
Նշենք, որ դեկտեմբերի հինգին Րաֆֆի Հովհաննիսյանը «քաղաքացիական ժողով» է հրավիրել, իսկ արդեն դեկտեմբերի 10-ին եռյակը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:




























