Իտալացի գիտնական Անժելո Պարատիկոն հայտարարել է, որ իրեն հաջողվել է բացահայտել հազարամյակների, այն է՝ պատմության ամենաառեղծվածային կտավի՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի» գաղտնիքը: Ըստ նրա՝ կտավում պատկերված է նկարչի մայրը, որը չինացի ստրկուհի էր:
Վերջին երկու տարիները գիտնականն անցկացրել է Արեւելքում՝ ուսումնասիրելով տեղի ավանդույթների կապը իտալական Վերածննդի դարաշրջանի հետ: Ըստ նրա՝ իրեն հաջողվել է հայտնաբերել իր տեսության մի քանի ապացույց, գրում է Daily Mail-ը:
Փաստաթղթերում նա տեղեկություն է գտել, որ դա Վինչիի կյանքում դերակատարում է ունեցել նկարչի հոր մի ոմն հարուստ հաճախորդ, որը նոտարի պաշտոն է զբաղեցրել: Նա Կատերինա անունով չինացի ստրկուհի է ունեցել: Սակայն ավելի ուշ վերջինս անհետացել է 1452թ.-ից՝ Լեոնարդո դա Վինչիի ծննդյան տարեթվից հետո գրված բոլոր ձեռագրերից: Ըստ պաշտոնական վարկածի՝ դա Վինչիի մոր անունն իսկապես Կատարինա է եղել, սակայն նա ստրկուհի չէր, այլ գեղջկուհի:
Այս տեսությունն ապացուցելու միակ միջոցը, ըստ գիտնականի, դա Վինչիի մարմնի արտաշիրմումն է եւ նրա ԴՆԹ-ն ուսումնասիրելը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:




























