ՀՀ խորհրդարանը օրինագծերի դակիչ չէ, դեկտեմբերի 1-ի ԱԺ նիստում հայտարարել է  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա դժգոհություն է հայտնել, որ խորհրդարանում հրատապ կարգով  մի շարք օրինագծեր են  ներկայացվում, որոնք պատգամավորները չեն հասցրել ուսումնասիրել:  Իսկ կառավարությունն էլ իր հերթին չի հոգում, որպեսզի այդ օրինագծերը պատշաճ կերպով ներկայացնի:

«Մենք դատապարտում ենք ձեր դիրքորոշումը՝ հապշտապ դակել օրինագծերը, պլան կատարելով:  Մենք դրան չենք մասնակցի», - հայտարարել է Զուրաբյանը: Ի պատասխան՝ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հակադարձել է, որ իշխող ՀՀԿ-ն բնավ էլ չի փորձում չարաշահել իր մեծամասնությունը, ինչի մասին որ ակնարկում է Զուրաբյանը: «Ձեր կարծիքով, ստացվում է, Դուք ասում եք, ինչ ուզում եք,  իսկ մենք անում ենք այն, ինչ ցանկանում ենք... Դե ինչ, թող այդպես լինի, եթե Ձեզ այդպես է հարմար», - ասել է Սահակյանը: