Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով ապացույց է համարվել Դիլհամ Ասկերովի մասին պատմող ադրբեջանցի գրող Զիադդին Շուրաօղլու Իսմայիլովի՝ «Не иди один в Кельбаджар, отец» գիրքը՝ ռուսերեն թարգմանությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ «Արցախպրես»-ից  գրքում մանրամասնորեն ներկայացված է Դիլհամ Ասկերովի՝ ղարաբաղաադրբեջանական սահմանը խախտելու մի քանի դեպքերն ու Քարվաճառում նրա կատարած հանցագործությունները։ Այնտեղ խոսվում է, մասնավորապես, մինչ Քարվաճառում հայտնվելը, ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ Ասկերովի հանդիպումների մասին։ Բացի դրանից, հեղինակն անընդհատ մատնանշում է Դիլհամ Ասկերովի ատելությունը հայերի նկատմամբ:

Ի պատասխան դատավորի եւ պետական մեղադրողի հարցերին, թե ինչն է հայերի նկատմամբ ատելության պատճառը՝ Ասկերովը նշել է, որ ինքն ատելություն ու թշնամանք չունի հայ ազգի հանդեպ, եւ որ հեղինակն ուղղակի այն հորինել է:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։ Գործի քննությունը սկսվել է հոկտեմբերի 27-ին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am