Եղվարդի Նաիրիի բժշկական  կենտրոնում բուժում ստացող  17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից:

Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս է գրվել: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կրկին այցելեց «Նորք» ինֆենկցիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նա շրջեց հիվանդասենյակներով, հետաքրքրվեց երեխաների առողջական վիճակով, զրուցեց ծնողների հետ:  Վերջիններս շնորհակալություն հայտնեցին հիվանդանոցի անձնակազմին ցուցաբերված բժշկական օգնության և հոգատարության համար: Երևանի և Եղվարդի բժշկական կենտրոններում բուժում ստացած փոքրիկներին Արմեն Մուրադյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից նվերներ փոխանցեց: Նախարարը երեխաներին մաղթեց առողջություն և շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով այս պահին  հիվանդանոցային բուժում է ստանում 15 հիվանդ, որից 13-ը Եղվարդում:  Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժվել մեկական երեխա: