Մոլդովայի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Վորոնինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մեղադրել է ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ եւ հանձնաժողովի անդամներին պաշտոնանկության կոչ արել:
Կիրակի Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ էին: ԿԸՀ-ի տվյալներով, ընտրատեղամասերի արձանագրությունների 98.12%-ի հաշվարկից հետո Իգոր Դոդոնի Սոցիալիստների կուսակցությունը հավաքել է 20.77% (324.415 ձայն), երկրորդ տեղում Վլադ Ֆիլատի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 19.97%-ով կամ 311.960 ձայնով, որին հետեւում են Վլադիմիր Վորոնինի Կոմունիստական կուսակցությունը՝ 17.72%-ով (276.806 ձայն) եւ Դեմոկրատական կուսակցությունը՝ 15.91%-ով (248.573 ձայն): Խորհրդարան անցած կուսակցությունների հնգյակը եզրափակում է Լիբերալ կուսակցությունը՝ 9.53%-ով կամ 148.838 ձայնով:
«Ընտրությունների արդյունքները կեղծվել են: Խախտումներ են եղել նաեւ քվեարկության ընթացքում: Սակայն ճչացող փաստը էլեկտրոնային ռեեստրի խափանումն է: Լեհաստանում համակարգչային համակարգի խափանման պատճառով, որը դժվարացրեց ձայների հաշվարկը, ԿԸՀ-ն ամբողջ կազմով հրաժարական ներկայացրեց: Յուրի Չոկանը (Մոլդովայի ԿԸՀ նախագահը - խմբ.) եւ հանձնաժողովի բոլոր անդամները պետք է հետեւեն նրանց օրինակին»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ լրագրողներին հայտարարել է Վորոնինը:
Քաղաքական գործիչը զարմանք է հայտնել այն կապակցությամբ, որ Կոմկուսը խորհրդարանական ընտրություններում ավելի քիչ ձայն է ստացել: Ընտրությունների նախաշեմին ԿԸՀ-ի եւ Վերաքննիչ պալատի որոշմամբ մրցապայքարից դուրս էր բերվել «Պատրիա» («Հայրենիք», որի ղեկավարը ձեռներեց Ռենատո Ուսատին է) կուսակցությունը: Սոցհարցումների համաձայն, այն կարող էր 9%-13% ձայն հավաքել:




























