Եվրահանձնաժողովն ի գիտություն է ընդունել «Հարավային հոսք» նախագծի իրականացումը դադարեցնելու մասին Ռուսաստանի որոշումը: Այս մասին ասել է էներգետիկ հարցերով Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Աննա-Կայզեր Իտկոնենը: «Մենք ի գիտություն ենք ընդունել «Գազպրոմ»-ի որոշումը եւ հիմա կվերլուծենք իրավիճակը»,- հայտարարել է նա:
Իտկոնենը նշել է, որ Եվրամիության դիրքորոշումը չի փոխվել. ԵՄ-ում գազատարները պետք է ստեղծվեն եւ գործեն կառույցի օրենսդրության համապատասխան:
«Հարավային հոսք»-ը, ինչպես եւ Եվրոպայում իրականացվող մյուս բոլոր նախագծերը, պետք է ամբողջությամբ համապատասխանեն ԵՄ-ի օրենսդրությանը: Հիմա մենք կվերլուծենք Հարավ-արեւելյան Եվրոպայի իրավիճակը՝ տարածաշրջանում փոխադարձ կապն ակտիվացնելու համար, որպեսզի ավելի լավ ինտեգրենք Եվրամիությունում խողովակաշարերի ցանցը»,- մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ ներկա պայմաններում Ռուսաստանը չի կարող շարունակել իրականացնել «Հարավային հոսք» նախագիծը, ամենից առաջ՝ Եվրամիության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Նա նշել էր, որ մինչեւ հիմա չեն ստացել Բուլղարիայի համաձայնությունը: «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերն ասել է, որ «Հարավային հոսք» նախագիծը փակված է:




























