ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եվրոպական գործընկերների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանելու հնարավորությունը, «եթե Մոսկվայի կողմից աջակցություն ստացող անջատականներն Ուկրաինայի արեւելքում չդադարեցնեն բռնությունները»: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պետքարտուղարության պաշտոնյային:
Սակայն Եվրամիությունից դիվանագետներն ասում են, որ ԵՄ-ն նոր պատժամիջոցների ախորժակ չունի, եթե Ուկրաինայում իրավիճակը կտրուկ չվատթարանա:
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով, պատժամիջոցների հետագա ընդլայնման շուրջ խոսակցությունները շարունակվում են: «Մենք չենք ցանկանում այդ ուղղությամբ գնալ, բայց կարող ենք ավելին անել, եթե հարկ լինի»,- հայտարարել է նա՝ նշելով, որ Վաշինգտոնը նաեւ պատրաստ է մեղմացնել միջոցառումները, եթե Ռուսաստանը կատարի հրադադարի մասին Մինսկում ձեռք բերված համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները:
Նա նաեւ ընդգծել է, որ պատժամիջոցներն ու նավթի ցածր գները մեծ ազդեցություն են ունենում ռուսական տնտեսության վրա՝ դատելով միլիարդներից, որոնք ծախսվել են ռուբլին պաշտպանելու համար, ինչպես նաեւ գնաճի մակարդակից:




























