Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե բավարար չի համարում Ռուսաստանի տրամադրած գազի զեղչի չափը։
Թուրքական Mynethaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի օրակարգային մի շարք թեմաների, այդ թվում խոսել Ռուսաստանից ստացվող գազի գնի վերաբերյալ բանակցություններին։
Դավութօղլուն հիշեցրել է, որ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Թուրքիա եւ տեղի է ունեցել երկու երկրների միջեւ համագործակցության բարձրագույն խորհդի 5-րդ նիստը։ «Ռուսաստանը հայտարարեց, թե Թուրքիային վաճառվող գազի գինը հունվարից կվաճառեն 6 տոկոս զեղչով։ Սակայն Պուտինի հետ հանդիպման ժամանակ մենք շեշտեցինք, որ 6 տոկոսը մեր համար բավարար չէ եւ պահանջեցինք, որ զեղչը մեծացվի։ Բանակցությունները շարունակվում են եւ Թուրքիան իր էներգետիկ կարիքների հարցում շարունակելու է սերտ շփման մեջ մնալ Ռուսաստանի հետ։ Ամենաշատ զբոսաշրջիկները Թուրքիա են գալիս Ռուսաստանից եւ Գերմանիայից։ Սրանից հետո էլ Թուրքիան իր բոլոր հարեւանների հետ հարաբերությունները նույն վճռականությամբ շարունակելու է»,-ասել է Դավութօղլուն։




























