Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում եւ տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձեւավորմանը եւ փոխարժեքի տատանողականության աճին: Այդ մասին ասվում է Կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ:

ԿԲ-ն գնահատում է, որ այս երեւույթները կրում են կարճաժամկետ բնույթ եւ հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: Կենտրոնական բանկը այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից եւ անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր եւ ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների:

Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը եւ արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության եւ ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան: