Երեւանի որոշ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առավոտից դոլար չէին վաճառում։ Մի քանի ժամվա ընթացքում NEWS.am-ի թղթակիցը շրջել է տարբեր բանկերով ու պարզել, որ մինչ բանկերից մի քանիսն ընդհանրապես դոլար չէին վաճառում, մյուսները վաճառում էին սահմանափակ քանակությամբ։
«ԱԿԲԱ բանկի» աշխատակիցը ժամը 13։30-ի սահմաններում NEWS.am-ին ասաց, որ դոլար չեն վաճառում, հրահանգ են ստացել եւ չգիտեն՝ ինչքան ժամանակ կշարունակվի դա, «Ամերիաբանկում» ասացին, որ դոլարի վաճառքն օրվա ընթացքում չի դադարեցվել, վաճառքը շարունակվում է առանց սահմանափակման։ «Կոնվերսբանկում» նույնպես սահմանափակում էր գործում՝ 300 դոլար, որն ավելի ուշ վերացվեց։
«Քանի որ դոլարի փոխարժեքն անընդհատ փոփոխվում է, այդ պատճառով ենք սահմանափակումով վաճառում»,- NEWS.am-ին փոխանցեցին բանկերի աշխատակիցները:
«Կոնվերսբանկից» սակայն մեզ հայտնեցին, որ իրենց մոտ սահմանափակում չի եղել, չեն հասկանում, թե ինչու է աշխատակիցը նման բան ասել: «ԱԿԲԱ» բանկից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ ընդամենը մեկ ժամով սահմանափակում է եղել՝ պատճառաբանելով, որ այլ բանկերի կողմից դոլարի վաճառքը դադարեցնելու արդյունքում իրենց մոտ կտրուկ մեծացել է պահանջարկը, եւ ժամանակավորապես դոլարի վաճառքը ստիպված են եղել սահմանափակել՝ իրավիճակը կոորդինացնելու համար։
Առքի ու վաճառքի փոխարժեքի տարբերությունը բանկերում տատանվում էր 10-20 դրամի սահմանում։ Վաճառքի առավելագույն փոխարժեքը 462 դրամ էր։




























