Հազիվ թե Հայաստանը որեւէ կասկած ունենա Ռուսաստանի՝ որպես ղարաբաղյան հակամարտության ոչ ռազմական լուծում երաշխավորող գործընկերոջ հուսալիության հարցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուս տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը՝ ի պատասխան հարցին՝ կարո՞ղ է արդյոք, TANAP-ի (Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա) նախագծի իրացումը փոխել Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը:

Դիսկինը ընդգծեց, որ դա անհնար է, քանի որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է եւ ՀԱՊԿ-ի անդամ: «Ռուսաստանը Հայաստանի պատմական գործընկերն է: Եվ որքանով ես հասկանում եմ, հազիվ թե Հայաստանը որեւէ կասկած ունենա Ռուսաստանի՝ որպես ղարաբաղյան հակամարտության ոչ ռազմական լուծում երաշխավորող գործընկերոջ հուսալիության հարցում», - նշեց Դիսկինը՝ հավելելով, որ Ռուսաստանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր «Հարավային հոսք» նախագծի կասեցման մասին: Հայտարարվել էր նաեւ Թուրքիայի հետ նոր գազատրանսպորտային համակարգ կառուցելու մտադրության մասին: