Երեւանի Հանրապետության հրապարակի Հայաստանի գլխավոր տոնածառի տոնական լույսերը հանդիսավորությամբ կվառվեն դեկտեմբերի 22-ին: Այդ օրը նաեւ տոնական միջոցառում է նախատեսված: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում:

Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են եւ կավարտվեն դեկտեմբերի 20-ին: Տոնածառի բարձրությունը 32 մետր է լինելու:

Երեւանի Հյուսիսային պողոտայում դեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 6-ը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնավաճառ է լինելու, որի շրջանակում քաղաքացիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան տոնական գնումներ կատարել, տաք գինի, շագանակ վայելել եւ զգալ Նոր տարվա ոգին:

Ազատության հրապարակում այս տարի կրկին տոնածառ չի լինի: Այն կրկին կկանգնեցնեն Մաշտոց, Բաղրամյան եւ Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում: Այսպիսով, արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքի երկրորդ հրապարակում տոնական միջոցառումներ չեն լինի: