Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում նախօրեին  դանակահարված, նույն դպրոցի աշակերտ 17-ամյա Տիգրան Գևորգյանը դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ընկերոջն է պաշտպանել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տիգրանի մայրը՝ Արմինե Ղաբուզյանը՝ նշելով, որ որդին երբեք կռվարար չի եղել, սպորտով է զբաղվել: 

«Վիճաբանությունից մանրամասներ չգիտեմ, միայն գիտեմ, որ ընկերոջն են ծեծել, ընկերոջ թասիբն է պահել: Նրանք խփել են, ինքն էլ պաշտպանել է, շատ թասիբով, շատ խելոք տղա է իմ տղան: Շնորհակալ եմ բժիշկներից, որ իմ երեխու կյանքը փրկել են»,-ասաց տիկին Արմինեն:

Տիգրանի մայրը պատմեց, որ վեճին մասնակից տղաներին չի ճանաչում, գիտի, որ նրանք դպրոցից չեն եղել. «Շատ օրինակելի դպրոց է, այսքան ժամանակ նման բան չէինք տեսել»:

Տիկին Արմինեն ասաց, որ որդու սիրտը եւ լյարդը վիրահատել են Վանաձորում, սակայն բարդություններից խուսափելու համար Տիգրանին այսօր տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:

Տղայի վիճակն այժմ ծանր է, նա միացված է արհեստական շնչառության ապարատին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, 17-ամյա Տիգրան Գեւորգյանը եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ն դանակահարվել էին: Նույն օրը երեկոյան 17-ամյա Նարեկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին եւ Ռոբերտին: Կատարվում է քննություն: