Պաշտոնական քարոզչամեքենան անարգանքի սյունին էր գամում այն բոլոր տնտեսագետներին, ովքեր 2003-08 թթ. զգուշացնում էին, որ այսպես կոչված երկնիշ տնտեսական աճը էքստենսիվ զարգացման դասական օրինակ է, արհեստականորեն փչված փուչիկ, որն իր մեջ երկարատեւ զարգացման հեռանկարներ չի պարունակում։ Ճգնաժամից հետո այդ մասին սկսեցին խոստովանություններ անել նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Այսօր կարծես թե պատմությունը կրկնվում է։ Հայաստանի տնտեսությունը հունվար-մայիսին 8,8 տոկոս աճ է ունեցել, ինչը խիստ ոգեւորել է կառավարության անդամներին։ Այնինչ տնտեսագիտական հարթությունում կրկին հառնել է բանավեճ՝ որակակա՞ն է արդյոք այդ 8,8 տոկոս աճը։ Տարբեր տնտեսագետներ «որակական» տերմինի տակ տարբեր ընկալումներ ունեն։ Առավել ընդհանրական մոտեցում կլինի, եթե փորձենք գնահատել, թե որքանո՞վ ներկա զարգացումը տեխնոլոգիական առաջընթացի հետեւանք է, կամ կա՞ արդյոք տնտեսության մրցունակության աճ։

8,8 տոկոս տնտեսական աճի մեջ ամենամեծ մասնաբաժին ունի ծառայությունների ոլորտը՝ 3,2 տոկոսային կետ։ 1,6 տոկոսով աճին նպաստել է արդյունաբերությունը, 1,9 տոկոսով՝ շինարարությունը։ Այսպիսով՝ այս 3 ոլորտները միասին աճին նպաստել են 6,7 տոկոսով։ Ինչպես տեսնում ենք՝ շինարարության հավելաճն ավելին է, քան ողջ արդյունաբերությանը՝ ներառյալ 40 տոկոս աճ տված հանքարդյունաբերությունը։ Հանգամանք, որն իսկապես էլ մտահոգվելու առիթ է տալիս, քանի որ հենց արդյունաբերական ոլորտի գործընթացներն են էական՝ ռազմավարական տեսանկյունից։

Շինարարության հավելաճը հիմնականում պայմանավորված է միջազգային վարկերով, ուր առկա է նախորդ տարվա համեմատ 3,6-անգամյա աճ։ Բնակչությունն ընդհակառակը համարյա կրկնակի նվազեցրել է իր շինարարական ակտիվությունը, այնինչ քոչարյանական երկնիշ տնտեսական աճի հիմքում միշտ էլ եղել է անհատական բնակշինարարությունը, որին 2003-08 թթ. բաժին էր ընկնում շինարարական ծավալների 80 տոկոսից ավելին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային վարկային միջոցներն հիմնականում ուղղվում են ենթակառուցվածքներին (ոռոգման համակարգ, տրանսպորտ, էներգետիկա), ապա շինարարական ներդրումների ներկա ուղղվածությունը պետք է համարել ավելի որակական։

Ծառայությունների ոլորտը 2010 թ. Հայաստանում զարգացել է 2 հիմնական ուղղություններով՝ ֆինանսական միջնորդություն (բանկեր եւ անշարժ գույքի շուկա) եւ հեռահաղորդակցություն։ Վերջինիս աճը հետեւանք է ինչպես ինտերնետի զարգացման, այնպես էլ բջջային շուկայում մրցակցության աճով։ Գործնականում մենք չունենք տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգային աճ, այստեղ որակականը բացառապես ինտերնետ-օգտագործողների շրջանակի էական ընդլայնումն է։ Հետեւաբար՝ ծառայությունների ոլորտի հավելաճը կարելի է համարել մասնակի որակական։

Արդյունաբերությունն աճի ամենամեծ պոտենցիալ ունեցող ուղղվածությունն է։ Բայց առայժմ աճն այս ոլորտում արտահայտվում է բացառապես էքստենսիվ ճանապարհով։ Հանքարդյունաբերությունն աճել է 40 տոկոսով, իսկ խմիչքների արտադրությունը՝ 29 տոկոսով, որով էլ հիմնականում պայմանավորված է արդյունաբերական աճը։ Նկատենք, որ լեռնամետալուրգիան, սննդի ու խմիչքների արտադրությունը ապահովում են հայկական արդյունաբերության 70 տոկոսից ավելին։ Այսպիսով՝ արդյունաբերական աճի մեջ լուրջ դրական գործոն չկա։ Կան ճյուղեր, որ ժամանակ առ ժամանակ աճում կամ անկում են ունենում, զորօրինակ՝ քիմիան, կահույքագործությունը կամ ոսկերչությունը, սակայն դրանց ծավալներն այնքան փոքր են, որ ՀՆԱ-ի վերջնական արդյունքի ձեւավորման մեջ էական դեր չեն խաղում։

Այսպիսով՝ որակական զարգացումներ ունենք բացառապես շինարարության և ինտերնետի շուկայի ոլորտներում։ Մնացած առումներով տնտեսությունը շարունակում է զարգանալ էքստենսիվ ուղիով, ուստի խոսել տնտեսության կառուցվածքային դրական տեղաշարժերի մասին դեռ վաղ է։

Սամվել Ավագյան