ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի լրատվական բաժնից տեղեկացնում են, որ մաքսային բրոքերները ստեղծել են ասոցիացիա։
Ներկայում գրանցված եւ համեմատաբար ավելի ակտիվ գործող 35 բրոքերային կազմակերպություններից 27-ն այժմ ասոցիացիայի անդամ են: Ասոցիացիայի նախագահն է Հրայր Գյոնջյանը։
Ըստ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ բրոքերների ինստիտուտն առավել ակտիվ սկսեց գործել եւ կայանալ 2008թ.-ից: Սկզբնական փուլում տնտեսվարողները դեռեւս պատրաստ չէին, բայց դաշտն աստիճանաբար սկսեց կարգավորվել: Մինչ հայտարարագրման գործընթացում մաքսային բրոքերներին ակտիվորեն ներգրավելը` հայտարարատուներն այդ գործառույթն իրականացնում էին դժվարությամբ, առաջանում էին հերթեր ու կուտակումներ, ուստի անհրաժեշտություն առաջացավ բրոքերների գրասենյակներ բացել տարածքային մաքսային մարմիններում: Ինքնահայտարարագրման եւ բրոքերային ինստիտուտի կայացման առաջին պիլոտային ծրագիրը ներդրվեց Միջազգային ճանապարհային փոխադրումների /ՏԻՐ/ մաքսատանը, երկու տարի առաջ: Պարզապես այն ժամանակ համակարգը դեռ բավականին հում էր: Միայն մեկ տարի հետո բրոքերների ծառայություններից սկսեցին օգտվել նաեւ մյուս մաքսատներում, իսկ այժմ արդեն բրոքերների գրասենյակներ են գործում նաեւ բոլոր մաքսային պահեստներում:
«Բրոքերների ինստիտուտը բավականին առաջադեմ համակարգ է եւ կիրառվում է աշխարհի շատ, այդ թվում՝ զարգացած պետություններում: Մենք էլ այսօր ունենք օրենսդրական համապատասխան հիմք, որով հստակ սահմանվում են բրոքերի իրավասությունները»,- ասոցիացիայի նախագահի հետ խորհրդակցության ժամանակ ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը: Բրոքերային կազմակերպությունը կամ մաքսային բրոքերը մասնագիտացած է մաքսային ձեւակերպումների եւ մաքսային հսկողության հետ կապված հարցերում, իրականացնում է բեռների հայտարարագրումը, ավելի ճիշտ` մաքսային ձեւակերպումների գործընթացում նա արհեստավարժ օժանդակություն է ցուցաբերում տնտեսվարող սուբյեկտներին` միջնորդ հանդիսանալով մաքսավորի եւ գործարարի միջեւ: Իհարկե, սա չի նշանակում, թե հայտարարագրման գործընթացը վերապահված է միայն բրոքերներին: Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք, եթե լավատեղյակ են հայտարարագրման գործընթացին, կարող են ինքնուրույն հայտարարագրել իրենց բեռները, այլ կերպ ասած` ինքնահայտարարագրում իրականացնել: Մաքսայինն այդ դեպքում որեւէ արգելք չի ստեղծում: Սակայն գործընթացին չտիրապետելու դեպքում հարկավոր է դիմել բրոքերի օգնությանը: Կան կազմակերպություններ, որոնք ամսվա մեջ մի քանի անգամ են ներմուծումներ կատարում, ուստի իրենց ձեռնտու է ունենալ սեփական մասնագետին կամ բրոքերի որակավորում ունեցող աշխատակիցներին, ովքեր կարող են հայտարարագրել միայն տվյալ կազմակերպության բեռները. "Կազմակերպությունն ինքը պետք է որոշի` ունենա՞լ մաքսային բրոքերի որակավորում ունեցող մասնագետ, թե՞ դիմել բրոքերային կազմակերպությանը: Կարող եմ ասել, որ այդ առումով այսօր նկատելի է բրոքերների պահանջարկի աճ։ Եթե մենք նախկինում 6 ամիսը մեկ էինք մաքսային բրոքերի որակավորման քննություն անցկացնում, ապա այժմ պատրաստվում ենք նման քննություններ կազմակերպել 1-2 ամիսը մեկ, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք մաքսային բրոքերի կարիք ունեն, հնարավորություն ունենան իրենց աշխատակիցներին ուղարկել այդ դասընթացներին: Մենք վերջերս անցկացրեցինք հերթական քննությունը, որի արդյունքում շուրջ 105 հոգի ստացան մաքսային մասնագետի որակավորում: Միաժամանակ մենք կարծում ենք, որ մաքսային միջնորդի համար անհրաժեշտ է պարբերաբար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել, եւ որքան հասկանում ենք, ասոցիացիան էլ այդ հարցում շահագրգիռ կողմ է»,-տեղեկացրել է Ա. Աֆրիկյանը:
Հայաստանի բրոքերների ասոցիացիայի նախագահ Հրայր Գյոնջյանը ասոցիացայի ստեղծման հիմնական նպատակը համարում է բրոքերների շահերի պաշտպանությունը. «Մաքսային համակարգի եւ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ իրենց համագործակցության ընթացքում բրոքերական կազմակերպությունները հանդիպում էին բազմաթիվ խոչընդոտների, որոնց համակարգված լուծման հրամայականն էլ հանգեցրեց կազմակերպության ստեղծմանը: Ասոցիացիան հիմնադրելիս առաջնորդվել ենք եվրոպական փորձով, ինչը պայմանավորված էր ինչպես ԵՄ անդամ երկրների այդ ոլորտում ունեցած հաջողություններով, այնպես էլ այն հանգամանքով, որ Հայաստանը որդեգրել է Եվրաինտեգրման ճանապարհը: Մեր միջնաժամկետ նպատակներից է Ասոցիացիայի անդամակցումը «Մաքսային բրոքերների եվրոպական ասոցիացիային» (COFIAD)»:
Ըստ Հրայր Գյոնջյանի` շատ կարեւոր է, որ կազմակերպությունների կողմից առաջարկած սակագները լինեն հրապարակային, եւ հաճախորդը հնարավորություն ունենա ծանոթանալ դրանց ու ընտրել առավել մրցունակ ընկերությունը: Առաջիկայում ասոցիացիան իր ինտերնետային էջում կենտրոնացված կերպով կներկայացնի իր անդամների վերաբերյալ տեղեկատվություն, որը կներառի նաեւ վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների սակագները: Ասոցիացիայի նախագահը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում պատրաստվում են կազմակերպել սոցիացիայի անդամ բրոքերական կազմակերպությունների ներկայացուցիչների վերապատրաստում:
Եթե Պետական եկամուտների կոմիտեն խախտումներ է նկատում բրոքերային մի քանի կազմակերպության մոտ, ապա այդ մասին ահազանգում է ասոցիացիային, որն անմիջապես կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում։ Ասոցիացիան ունի կոնկրետ պարտավորություներ, որոնք ամրագրված են կազմակերպության կանոնադրությամբ, եւ կանոնադրական գործառույթների խախտման համար կարող է տույժերի ենթարկել բրոքերներին կամ քննարկման միջոցով պարզել, թե ինչն է խախտման պատճառը։
«Երբ սկսեցինք առավել լուրջ ուշադրություն դարձնել բրոքերների ինստիտուտի զարգացմանը, նկատեցինք, որ մաքսայինը, որպես այդպիսին, ազդեցության լծակներ չունի բրոքերների «դաշտի» վրա, մինչդեռ բավականին լուրջ ջանքեր են պահանջվում` ամեն բրոքերային կազմակերպության հետ՝ նրան հուզող խնդիրներն առանձին-առանձին քննարկելու կամ նրա աշխատանքներն ուղղորդելու համար: Այդ պատճառով մենք երկու ձեռքով ողջունում ենք ասոցիացիայի ստեղծումը, որի հետ կարող ենք քննարկել ոլորտին առնչվող բոլոր հարցերը, եւ ողջունելին այն է, որ ասոցիացիան ինքն է ընդառաջ գալիս մաքսայինի հետ համագործակցությանը, բարեփոխման տարբեր ծրագրեր առաջարկում: Իսկ ասոցիացիայի հետ քննարկելիք շատ հարցեր կան` սկսած տնտեսվարողների կամ բրոքերների մոտ երբեմն ծագող դժգոհություններից կամ թերի հարցերից: Ասոցիացիայի հետ մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ երկուստեք կոնկրետ պահանջ ենք դրել։ Չեն լինելու հարցեր, որոնք չեն քննարկվելու, պետք է ասվի ամեն ինչ, պետք է յուրաքանչյուր կողմ արտահայտի իր տեսակետը, պետք է փորձենք գտնել օպտիմալ լուծումներ։ Իսկ եթե դրա համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն զգացվի, կփորձենք գնալ այդ ճանապարհով»,-վստահեցրել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը: Վերջինիս խոսքով` այսուհետ ասոցիացիայի միջոցով առանձին խնդիրներին հնարավոր կլինի համակարգված լուծում տալ, իսկ այն հարցերը, որոնք բրոքերներն իրենք չէին համարձակվի բարձրացնել մաքսայինի առջեւ, քանի որ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէ պետական մարմին-տնտեսվարող սուբյեկտ պատնեշը, այժմ կարող են իրագործել ասոցիացիայի միջոցով։ «Ամենակարեւորը` այս կազմակերպության հետ համագործակցելու արդյունքում դաշտը դառնալու է շատ թափանցիկ. սա ասոցիացիայի առաջնահերթ պահանջներից է` մաքսավոր–տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունները պետք է թափանցիկ լինեն»,- նշել է մաքսային հսկողության վարչության պետը:


























