«Ֆինանսական բուրգի» գործով դատախազ Արթուր Երիցյանը այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ գործով տուժող Արտակ Գալստյանը, որին ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը համարում է Վանո Սիրադեղյանի աջ ձեռքը եւ մեղադրում գործն «իր գլխին սարքելու մեջ», վերադարձել է արտերկրից, ու միջնորդեց նրան կրկին ծանուցել, որպեսզի ներկայանա վկայություն տալու:
Դատավարական կողմերը համաձայնեցին, որ Արտակ Գալստյանը ծանուցվի եւ ներկայանա դատարան:
Նշենք, որ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը, որը մեղադրվում է խարդախության, քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափի գումարները (ընդհանուր՝ մոտ մեկ միլիոն դոլար) հափշտակելու մեջ, պնդում է, որ «Ֆինանսական բուրգի» գործով մեղավոր է Արտակ Գալստյանը, որը ոչ թե տուժող է, այլ հենց ինքն է խարդախությունների հեղինակը։ Ըստ Արթուր Անդրեասյանի՝ Արտակ Գալստյանը միշտ ասել է, որ իր մեջքին Վանո Սիրադեղյանն է կանգնած, անգամ նրա հետ սկայպով կապի մեջ է եղել, ու հենց Սիրադեղյանով վախեցնելով էլ իրեն ստիպել է փաստաթղթեր ստորագրել։
Արտակ Գալստյանի ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանը, որը նույնպես մասնակցում էր այսօրվա նիստին, նկատեց, որ Արթուր Անդրեասյանը վախենալու պատճառ չուներ, քանի որ ըստ գործի նյութերի, ինքն էլ բավական ազդեցիկ մարդկանց հովանավորությունն է ունեցել։
«Նազարյան Ներսես՝ քաղաքի վարչության պետ, Բաբակեխյան Կարեն՝ ռեգիոնալ վարչության պետ։ Հայաստանում եթե ոչ բոլորը, ապա շատ շատերը մրսում էին իրանցից, վախենում էին հենց իրենցից: Ո՞վ պիտի կանգնած լիներ Արտակ Գալստայանի թիկունքում, որ ունենալով նման քավոր-սանիկական հարաբերություններ վախենայիք Արտակ Գալստյանից եւ վախի ազդեցության տակ որեւէ փաստաթուղթ ստորագրեիք կամ լռեիք, որեւէ հարցի մասին»,- ամբաստանյալին հարցրեց փաստաբան Սուսաննա Սարգսյանը:
Դատավոր Գագիկ Պողոսյանը պարզեցրեց փաստաբանի հարցը. «Դուք Ձեր ցուցմունքում ասում եք՝ Արտակ Գալստայանը, որ թիկունք ուներ, եւ խոսում եք վիրտուալ թիկունքի մասին, գոյություն չունեցող Վանո Սիրադեղյանի, մինչդեռ Ձեր թիկունքը ռեալ թիկունք էր: Հիմա դուք վախեցաք էդ վերացական թիկունքի՞ց, Ձեր ռեալ թիկունքը ոչ մի բան չէր նշանակու՞մ»:
Ամբաստանյալն ասաց, որ ինքը Արտակ Գալստյանի նման «ռեկլամ անելով ման չի եկել» եւ նրանց օգնության համար չի դիմել:
Ամբաստանյալը հայտնեց, որ անձամբ Վանո Սիրադեղյանին չի տեսել, բայց նրա մասին այնքան բան է լսել, որը բավական էր վախենալու համար:
Դատավոր Գագիկ Պողոսյանը միջանկյալ հարց տվեց. «Սատանայի մասին լսել ե՞ք»:
Ի պատասխան ամբաստանյալն ասաց, որ սատանային մասին լսել է, բայց չի տեսել, ու, որ սատանայից չի վախենում:
Դատավորն էլ հարցրեց՝ «Վանոյին էլ չեք տեսել, ինչի՞ եք վախենում»:
Ամբաստանյալն բացատրեց, որ վախենում է, քանի որ «սատանան հնարած օրինակ ա, իսկ Վանո Սիրադեղյանը՝ ռեալ մարդ»:
Դատական նիստը հետաձգվեց, ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 23-ին:
Նշենք, որ Վանո Սիրադեղյանը 1999 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել երկու անձանց սպանության կազմակերպման մեղադրանքով: 1999 հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած սպանդից հետո նա հեռացավ Հայաստանից եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց:
Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:



























