Ալմաթայում ԵԱՀԿ արտգոծնախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը քննարկվելու է «առաջին փուլում Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձման հարցը»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կայանալու է հուլիսի 16-ին կամ 17-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեզ դեռ կոնկրետ ժամկետ չեն հայտնել»,- նախարարի խոսքն է մեջբերել ադրբեջանական Trend գործակալությունը:
Մամեդյարովի խոսքով, «բանակցություններում հիմնական ուշադրությունը դարձվելու է Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձի հարցին: Նախարարի խոսքով, «մյուս հինգ շրջանների վերադարձի հարցն արդեն լուծված է եւ այլեւս չի քննարկվում»:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը ցանկալին փորձում է մատուցել որպես իրողություն՝ բանակցային գործընթացը ակնհայտորեն ձախողելու նպատակով։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին հայտարարություն էին ընդունել, որով կոչ էին արել համանախագահներին՝ կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթայում:




























