Մենք մտահոգված ենք վերջին օրերին ստացվող հաղորդագրությունների եւ զոհերի մասին տեղեկությունների համար: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցին ի պատասխան հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

«Դրանք չեն համապատասխանում ԼՂՀ հակամարտության համար խաղաղ լուծում գտնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստանձնած պարտավորություններին, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր՝ շարունակում ենք հորդորել, որ կողմերը մտնեն բանակցային այնպիսի ուղի, որը կհանգեցներ խաղաղության համաձայնության, ինչպես նաեւ հորդորում ենք, որ կողմերը իրականացնեն այնպիսի միջոցներ, որոնք կկրճատեին նման դեպքերի թիվը, սրանք են շարունակում մնալ մեր ուշադրության կենտրոնում»,-հայտնել է նա:

Նշենք, որ հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: