«Ժառանգություն» կուսակցությունը զբաղվում է պուպոլիստական, դեկլարատիվ հայտարարություններով՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում իր 5 տոկոս տեղն ապահովելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ժառանգության» հուլիսի 10-ի համագումարում ընդունված բանաձեւի այն կետին, թե «Հայաստանը պետք է դառնա իրապես ժողովրդավար եւ ինքնքիշխան երկիր, որտեղ տիրում է օրենքի գերակայությունը, անցկացվում են արդար ընտրություններ, իսկ իշխանության ներկայացուցիչները, ովքեր իրենց ունեցվածքը, ձեռնարկությունները դիզել են մարդկային կյանքերի գնով, պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ, պետք է օրենքի առջեւ պատասխան տան օրենքի ամբողջ խստությամբ»:
«Եթե իրենց հայտնի են օրենքի խախտման ու հանցագործությունների կոնկրետ դեպքեր, ապա թող դիմեն համապատասխան մարմիններին, որովհետեւ ժողովրդավարական երկրում ենթադրվում է, որ եթե քաղաքացին տեղյակ է ինչ-որ հանցագործությունից, ապա պետք է գնա ու պատկան մարմնին ներկայացնի վկայություն: Այ այդ ժամանակ մենք իսկապես ժողովրդավարական երկիր կդառնանք»,-արձագանքեց Շարմազանովը: Հարցին, թե իրեն հայտնի՞ են իշխանության մեջ գտնվող այնպիսի անձինք, ովքեր իրենց ունեցվածքը ձեռք են բերել մարդկային կյանքերի գնով, պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ, ՀՀԿ խմբակցության քարտուղարն արձագանքեց. «Ինձ հայտնի չեն: Եւ եթե «Ժառանգության» իմ գործընկերներին հայտնի են, ապա թող դիմեն դատական ատյաններին, այլ ոչ թե հրապարակային հայտարարություններով հեղինակություն ձեռք բերեն»:
Անդրադառնալով «Ժառանգության» վերջին համագումարին՝ Շարմազանովն ընդգծեց, թե այդ միջոցառման տրամաբանությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ իմիջ ձեռք բերելն էր: «Ես ամիսներ առաջ ասել եմ ու այժմ էլ կրկնում եմ՝ երեք ընդիմադիր ուժերի՝ «Ժառանգության», ՀՅԴ-ի ու Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ պայքար է ընթանում, թե ով ավելի շատ ընդդիմադիր հայտարարություն կանի, որպեսզի ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները շահի: Դրա համար եմ ասում, որ 2012 թվականի ընտրություններում 5 տոկոս շեմը հաղթահարելու բարդույթն իրենց հանգիստ չի տալիս»: ՀՀԿ-ական պատգամավորը միաժամանակ «Ժառանգությանը» խորհուրդ տվեց «իրական գործով զբաղվել եւ գտնել սեփական իրական տեղն ու դերը քաղաքական դաշտում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին տեղի ունեցավ «Ժառանգության» 6-րդ համագումարը, որի ընթացքում ընտրվեց նոր վարչություն, իսկ վարչության նախագահ դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը:




























