Այս պահին Հայաստանի իշխանական մարմինները պետք է դիմեն որոշակի գործողությունների, որոնք իրենց իրավասությունների ներքո են: Այդ մասին Գյումրիում՝ դատախազության շենքի առջեւ հավաքված ցուցարարներին ասել է Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Գլխավոր դատախազն արդեն հայտարարեց, որ կդիմի Ռուսաստանի գլխավոր դատախազին, որ մեղադրյալը հանձնվի հայկական կողմին: Այս պարտականությունը դատախազը կկատարի, բայց մենք հաջողություն չենք ունենա, եթե ՀՀ այլ պետական մարմինները չլծվեն նույն աշխատանքին: Դրա համար այստեղ պետք է եւ գործադիր իշխանության ղեկավարությունը պարտավորվի, որ ինքն էլ կպահանջի ՌԴ ղեկավարությունից, նաեւ Ազգային ժողովը.,- նշել է Փոստանջյանը:
Նրա խոսքով, որպեսզի այդ պահանջները իրականացվեն, մենք պիտի երեք իշխանության ճյուղերը գործեն այդ ուղղությամբ: «Պետք է մյուս ճյուղերը եւս լինեն այստեղ եւ պարտավորվեն աշխատանք տանել այդ ուղղությամբ: Ես հիմա կփորձեմ զանգահարել ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին, որ նրանք եւս իրենց իրավասությունները գործադրեն: Որովհետեւ միայն գլխավոր դատախազի պահանջով չեմ հավատում, որ հաջողության հասնենք»,- նշել է պատգամավորը:
Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նշել է, թե Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու խնդրանքով դիմելու ՌԴ գլխավոր դատախազին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, Պերմյակովը գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























