Այսօր բանակցությունների արդյունքում հասկացանք, որ Հայաստանի գլխավոր դատախազը համաձայն է մեր պահանջին եւ կդիմի ՌԴ գլխավոր դատախազին՝ այդ անձին եւ գործը հայ իրավապահներին հանձնելու պահանջով: Եթե դատախազը գրում է այդ դիմումը եւ մերժում է ստանում, ապա մեր գործը արդեն ռուսական կողմի հետ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում, Շիրակի մարզի դատախազության շենքի մոտ ինքնաբուխ ցույցի ժամանակ հայտարարեց Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների միության ղեկավար Լեւոն Բարսեղյանը:
«Հաջորդը, շատ մեծ կասկած կա, որ այդ անձը Հայաստանում չէ, տարել են Հայաստանից: Մենք առաջարկում ենք կարճ ֆոտո կամ վիդեո անել ու ցույց տալ հասարակությանը, Ճիշտ այնպես, ինչպես 02 հաղորդաշարը նկարահանում է որեւէ հանցագործության մեջ կասկածվողներին: Պահանջում ենք կազմակերպել 10-15 վայրկյանանոց տեսանյութ, որ մենք հավաստիանանք, որ նա Հայաստանում է»,-ասաց Բարսեղյանը:
Այս առաջարկը ցուցարարներն ընդունեցին ծափահարություններով եւ «վիդեո-վիդեո» վանկարկումներով:
Այդ հարցով հենց տեղում Լեւոն Բարսեղյանը դիմեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Վերջինս պատասխանեց. «Այն, որ հիմա մեր տղերքը զորամասի ներսում աշխատում են, նշանակում է այդ անձը այնտեղ է: Քանի որ նա հիմա ռազմական բազայի տարածքում է, մենք պիտի դիմենք զորամասի հրամանատարությանը, որ հնարավորություն տրվի նկարահանում անել»:
Ցուցարարներից մեկն էլ իր հերթին նշեց. «Մեզ այստեղ լինելը ստիպեց, որ մենք ունեցանք մի հաղթանակ ու ձեռքերում: Մենք պարտադրեցինք երկրի դատախազին, որ ինքը մեր ազգի արժանապատվության համար դիմում ներկայացնի Ռուսաստանի գլխավոր դատախազին՝ պահանջելով, որ այդ հանցագործին հանձնեն հայ իրավապահներին:
Ես կարծում եմ, որ, մերժելով ՀՀ գլխավոր դատախազին, ՌԴ դատախազը կմերժի ողջ հայ ազգին: Մենք կարիք ունենք հասկանալու, թե ով է մեր բարեկամը, ով՝ թշնամին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, Պերմյակովը գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:



























