Նիդեռլանդական Հիլվերսում քաղաքում ատրճանակով զինված անձը ներխուժել է ազգային NOS հեռուստաընկերության գրասենյակ՝ եթեր մտնելու հնարավորություն պահանջելով:

Սեւ կոստյումով, փողկապով տղամարդը ստուդիա է մտել հունվարի 29-ի երեկոյան՝ ատրճանակով սպառնալով հսկչին: Նա հայտարարել է, որ ցանկանում է «համաշխարհային նշանակության տեղեկություն» հայտնել: «Մեզ վարձել էին հետախուզական ծառայությունները»,- ասել է զինված հյուրը:

Հեռուստաեթերի կադրերում կարելի էր տեսնել մարդու, ով ստուդիայում քայլում է սեւ ատրճանակը հետեւում պահած՝ ոստիկանության ներխուժումից քիչ առաջ: Նրան ձեռնաշղթաներ են հագցրել եւ տարել: Ավելի ուշ պարզվել է, որ ատրճանակը իսկական չէր:

NOS-ի հեռարձակումն ընդհատվել էր, քանի որ աշխատակիցներին դուրս էին բերել ստուդիայից, հայտնում է  Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ գիշերը NOS-ը վերսկսել է հեռարձակումը, ընդ որում՝ Հաագայի բաժանմունքից:

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ տղամարդը հայտնել է «հաքերների կոլեկտիվին» պատկանելու մասին:

«Տեղեկությունները, որոնք պատրաստվում եմ հայտնել, համաշխարհային նշանակություն ունեն: Մեզ վարձել էին հետախուզական ծառայությունները, եւ իմացանք բաներ, որոնք կասկածի տակ են դնում ժամանակակից հասարակությունը: Այժմ մենք դրանք կբացահայտենք», - հայտարարել է նա:

Տեղի մամուլի տվյալներով՝ ձերբակալվածը Փեյնաքերի տեխնիկական ինստիտուտի 19-ամյա ուսանող է: Հաղորդվում է, որ նա վերջերս կորցրել է ծնողներին, ինչից հետո անհավասարակշիռ վիճակում է: