Գյումրիում յոթ մարդու սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի է ունենալու քաղաքի ռազմական կայազորում՝ ռուսաստանյան ռազմաբազայի տարածքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Կողմերը վերջնական համաձայնության են եկել առ այն, որ աղմկահարույց այս գործով դատավարությունը տեղի է ունենալու Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայի կայազորային զինվորական դատարանում», - նշում են գործակալության աղբյուրները:
Այս որոշումն ընդունվել է Հայաստանի հյուսիսում տեղակայված ռազմաբազայի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա:
«Դատարանը պետք է միաժամանակ քննության առնի ռուսական կողմի ներկայացրած մեղադրանքները՝ զենքով դասալքության առնչությամբ»,-ասել է աղբյուրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Տուժողի իրավահաջորդները 5-ն են:





























