Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր՝ փետրվարի 3-ին, նամակով դիմել է ՌԴ Գլխավոր դատախազին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: 

Մեր տեղեկություններով՝ Գեւորգ Կոստանյանը ՌԴ իր գործընկերոջը դիմել է Վալերի Պերմյակովի դեմ քրեական գործի վարույթը հայկական կողմին հանձնելու հարցով: Եթե դասալքության հատկանիշներով հարուցված գործը հանձնվի հայկական կողմին, դա նշանակում է, որ քննությունը ամբողջովին կիրականացնի հայկական կողմը: Ենթադրվում է, որ Վալերի Պերմյակովն էլ կփոխանցվի հայկական կողմին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Տուժողի իրավահաջորդները 5-ն են: