Ադրբեջանցիների կողմից իմ հանդեպ թարս հայացքներ չեմ զգացել՝ անգամ նրանք, ովքեր ինձ հսկում էին, ո´չ հյուրանոցի աշխատակիցներից և, առհասարակ, ոչ ոքից:  Ռուսաստանի հավաքականն ընտրեցի, քանի որ Հայաստանից ոչ մի հրավեր չեղավ:Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց Ռուսաստանի պատանեկան հավաքականի և գերմանական «Հոֆֆենհայմի» մինչև 17 տարեկանների թիմի ֆուտբոլիստ Դավիթ Ղազարյանը:

Դավիթ, մեկ անգամ ասել ես, որ եթե ընտրելուց  լինես Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների միջև կընտրես Հայաստանը: Այժմ դու հանդես ես գալիս Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում: Արդյո՞ք այս ընթացքում ոչ մի հետաքրքրություն չի եղել քո նկատմամաբ  հայկական կողմից:

Ես իսկապես ասել եմ, որ հնարավոր է խաղամ Հայաստանի հավաքականի կողմից, բայց  առաջ եկան մի շարք խնդիրներ: Առաջին հերթին` ես չունեմ հայկական անձնագիր, երկորդ՝ ունենալու եմ գերմանական անձնագիր, քանի -  որ այս պահին ապրում եմ այստեղ ու հուսամ, դեռ երկար տարիներ  կբնակվեմ Գերմանիայում: Ինձ հետ կապվել է միայն գործակալ Խորեն Քալաշյանը: Պաշտոնական ոչ մի հրավեր հայկական կողմից չի եղել: Ծնողներիս հետ եկանք այն եզրակացության, որ Հայաստանի հավաքականն այս պահին իմ կարիքը չունի:

Իսկ եթե մի քանի տարի անց  հրավեր ստանաս Ռուսաստանի ազգային հավաքականից, և այդ ժամանակ հայերն էլ քեզանով հետարքրքված լինեն, այդ դեպքում ո՞ր տարբերակը կընտրես:

Այս պահին դժվար է պատասխանել այդ հարցին: Մենք չգիտենք, թե ինչ կլինի հետագայում: Հիմա կդժվարանամ պատասխանել: Ինչպես ճակատագաիրը դասավորվի, այդպես էլ կլինի: Ես ոչ  ոքի չեմ ցանկանում վիրավորել իմ պատասխանով, բայց կրկնվեմ, որ պաշտոնապես  Հայաստանից ես ոչ մի հրավեր չստացա, իսկ Ռուսաստանն ինձ պաշտոնապես հրավեր ուղարկեց: Երբ ստացա այն, Ռուսաստանի հավաքականի մարզիչ Մ. Գալակտիոնովը զանգահարեց ինձ՝ իմանալու արդյո՞ք ցանկանում եմ խաղալ նրանց կազմից:  Այդպես հայտնվեցի այդ բարձրակարգ թիմում՝ շատ ուժեղ մարզչի ղեկավարությամբ:

Մեկ ամիս առաջ Ռուսաստանի Մ-17-ը Բաքվում խաղաց ադրբեջանցի հասակակիցների հետ: Ինչպե՞ս էիր զգում քեզ այնտեղ և ի՞նչ տպավորություններ ստացար:

Բաքուն շատ գեղեցիկ քաղաք է: Մի քանի անգամ եղա կենտրոնում: Ինձ թվաց, որ Երևանի հետ շատ նմանություններ ունի այդ քաղաքը: Ինձ հատուկ պաշտպանություն էին  հատկացրել: Հյուրանոցում 24 ժամյա ոստիկանական  հսկողություն կար:
Մենք առանց մարզիչների չէինք կարող դուրս գալ հյուրանոցից:  Ամեն բան հաշվի էր առնված: Մենք այնտեղ մասնակցում էինք  հավաքի  և զբոսնելու ժամանակ չունեինք: Ադրբեջանցիների կողմից իմ հանդեպ թարս հայացքներ չեմ զգացել՝ անգամ նրանք, ովքեր ինձ հսկում էին, ո´չ հյուրանոցի աշխատակիցներից և, առհասարակ, ոչ ոքից:  Կուզենայի շնորհակալություն հայտնել այդ հավաքի կազմակերպիչներից և նրանցից:

«Հոֆֆենհայմի» մինչև 17-ի կազմում հանդես է գալիս նաև Հայկ Գալստյանը: Ինչո՞վ է օգնում թիմում հայրենակցի ներկայությունը: Ինչքանո՞վ եք կարողանում օգնել միմյանց:

Հայերն ամենուր հայ են մնում: Մենք պետք է իրար կողքի  լինենք:  Ես ու Հայկն անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք միմյանց: Եթե մեկիս մոտ  ինչ – որ բան չի ստացվում, մյուսն անպայման օգնության է հասնում: Դա մեր արյան մեջ է՝ մերոնց երբեք չենք թողնում:

Ինչպե՞ս ես քեզ զգում «Հոֆֆենհայմում»: Ի՞նչ առավելություններ ունի գերմանական ֆուտբոլը:

Կարող եմ ասել, որ թիմն ամեն ինչ անում է մեզ համար, լուծում բոլոր հարցերն, անգամ` կենցաղային մանրուքները: Վարձակալում են հատուկ մասնագետների, որպեսզի օգնեն նրանց, ովքեր ինչ-որ բանում թերանում են: Օրեկան 2,5-3 ժամ պարապում ենք: Մարզումներից առաջ մեկ ժամ անցկացնում ենք մարզասրահում: Թիմում  խաղային ամեն դիրքի համար հատուկ մարզիչ կա, ով ղեկավարում և հուշում է մեզ մարզման ժամանակ: Այստեղ  ամեն ինչ  անում են, իսկ մեզ մնում է միայն ֆուտբոլ խաղալ և արդարացնել այդ մարդկանց  սպասելիքները, ապացուցելու համար, որ հիրավի` արժանի ենք հադես գալու այս թիմում:

Ինչո՞վ է տարբերվում գերմանական ֆուտբոլը ռուսականից:

Ռուսաստանում նույնպես շատ հարմարավետ պայմաններ  կան  ֆուտբոլիստների համար: Ես շատ շնորհակալ եմ իմ ռուսական թիմերին՝ «Միտիշից», որտեղից սկսվեց իմ կարիերան, այնուհետև «Դինամո» Մոսկվային, որն էլ պատրաստեց ինձ Գերմանիայի համար:

Ինչո՞ւ ընտրեցիր հենց «Դինամոյի» մարզադպրոցը:

13 տարեկանում ես  մի քանի  հրավերներ ստացա  «Դինամո» Մոսկվայի ակադեմիայից:  Ծնողներս երկար էին մտածում, կասկածների մեջ էին, բայց թույլ տվեցին ինձ փորձել ուժերս: Երեք տարի անց ես արդեն այստեղ եմ, ուրեմն նրանք չեն սխալվել:

Ո՞ր առաջնությունում և թիմում ես երազում հանդես գալ:

Ես այտեղ եմ, որպեսզի հետագայում հանդես գամ Բունդեսլիգայում: Իմ երազանքը հենց դա է: Այստեղ բոլոր թիմերը բարձր մակարդակի վրա  են: Ուրախ կլինեի խաղալ «Հոֆֆենհայմում»:

Ո՞րն է քո նախընտրած  խաղային դիրքը:

Նախընտրում եմ հանդես գալ կենտրոնական հարձակվողի դիրքում, բայց մեր ցանկությունները ոչ միշտ են համընկնում մարզիչների որոշումների  հետ, այդ պատճառով երբեմն հանդես եմ գալիս ենթահարձակվողի դիրքում, որը նույնպես ինձ շատ դուր է գալիս:

Տիրապետո՞ւմ ես հայերենին:

 Հայերենին բավական լավ եմ տիրապետում:

Ներկա եղե՞լ  ես ԳերմանիաՀայաստան խաղին:

Գերմանիա – Հայաստան խաղին ներկա էի ծնողներիս հետ: Գերմանացիների բախտը բերեց: Հաջորդ անգամ մենք ենք հաղթելու: Վստահ եմ:

Վերա Մարտիրոսյան/ Vera&Football