Ճարպակալման համաշխարհային ֆեդերացիայի փորձագետները կոչ են անում կոշտ կանոններ սահմանել առեւտրային ընկերությունների նկատմամբ, որոնք երեխաների մոտ անառողջ սննդի եւ քաղցր ըմպելիքների հանդեպ սեր են սերմանում: Մասնագետների հավաստմամբ, արագ սննդի եւ գազավորված ըմպելիքների գովազդի թիրախում դեռահասներն են:
Փորձագետները կարծում են, որ վերամշակված անառողջ սնունդը պետք է հարկվի, իսկ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին առողջ սնունդ ձեռք բերելու կտրոններ տրամադրվի:
Վիճակագրական տվյալների համաձայն, վերջին տարիներին ոչ մի երկիր չի կարողացել պայքարել մանկական ճարպակալման զարգացման դեմ:
Այսպես, ԱՄՆ-ում երեխաները միջինը 5 կգ ավելի են կշռում, քան 30 տարի առաջ: Անգլիայում աղջիկների 25 եւ տղաների 21%-ը, ինչպես նաեւ կանանց 24 եւ տղամարդկանց 26%-ն ավելորդ քաշ ունեն կամ տառապում են ճարպակալումից: Ամերիկայում երեխաներն օրական 200 կալորիայով ավելի են օգտագործում, քան 1970-ական թվականներին:
Ըստ Kedem-ի, մասնագետներն Առողջապահության միջազգային կազմակերպությանը կոչ են անում սննդարդյունաբերության նոր քաղաքականություն իրականացնել՝ երեխաների մոտ անառողջ սննդի հանդեպ սերը կանխարգելելու համար: Մասնագետները հիշեցնում են, որ անառողջ սնունդը նպաստում է խրոնիկ հիվանդությունների զարգացմանը:





























