ԱՄՆ-ի բնակիչները 2014 թվականին ընտանի կենդանիների համար 58 մլրդ դոլար է ծախսել, որը 4.2%-ով ավելի է նախորդ տարվանից: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Կենդանիների համար ապրանք արտադրողների ամերիկյան ասոցիացիային:

Ամերիկացիները հիմնականում ծախսում են կենդանիների սննդի համար. 2014 թվականին այդ նպատակով 22 մլրդ դոլար է ծախսվել: Երկրորդ տեղում անասնաբուժական ծառայությունների համար ծախսերն են (15 մլրդ դոլար): Ընդ որում, կենդանիների տերերը բավական մեծ գումար են ծախսում կենդանիների պլաստիկ վիրահատության համար:

Ըստ Lenta-ի, ծախսերի երրորդ հորիզոնականում կենդանիների համար տարատեսակ ապրանքներն են, մասնավորապես, վզկապերը, սննդի սպասքը, դեղորայքը (14 մլրդ դոլար): Եվս 4.8 մլրդ դոլար մարդիկ ծախսում են կենդանիների վարսահարդարի, հյուրանոցների, զբոսանքի տանող եւ կենդանիներին հետեւող մասնագետների ծառայությունների համար:

Ընտանի կենդանիներ ձեռք բերելու համար ամերիկացիները ծախսում են 2.15 մլրդ դոլար: Ասոցիացիայի տվյալներով, ԱՄՆ-ում 397 մլն ընտանի կենդանի է բնակվում: Դրանցից 96 մլն-ը կատուներ են, 80 մլն-ը՝ շներ: Արդեն 24 տարի շարունակ ԱՄՆ-ում շան ամենատարածված ցեղատեսակը լաբրադորն է:

1994 թվականին, երբ ասոցիացիան առաջին նման հետազոտությունն է անցկացրել, ընտանի կենդանիների համար ամերիկացիների ծախսերը գնահատվել է 17 մլրդ դոլար: