NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Թաֆթսի համալսարանին առընթեր Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի շրջանավարտ, միջազգային անվտանգության ոլորտի մասնագետ Գրիգոր Բոյախչյանի՝ «Foreign Policy Journal» պարբերականում հրապարակված հոդվածը:
Ժխտման հարյուր տարիներից հետո հանդուգն դարձած թուրքական կառավարությունը կանգնած է ճգնաժամային ճամփաբաժնին, որը միավորում է նրա պատմական անցյալը, ներկան եւ ապագան: Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդին հայրենիքից վտարումը վերջին հաշվով կկանխորոշի նրա արժանի տեղը քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում: Ճանաչումն ու զղջումը, ինչպես նաեւ սարսափելի հետեւանքների վերացումը, թուրքական կառավարության համար ճիշտ ուղի կլինեն:
Թուրքական պաշտոնական ժխտողականության, խեղաթյուրման եւ քարոզչական հնարքների ֆոնին, ինչպես ցույց է տալիս թուրքական կառավարության կողմից Գալիպոլիի ճակատամարտի հիշատակումն ապրիլի 24-ին անցկացնելու նախաձեռնությունը, երեւում է կազմակերպված մոռացության վրա հիմնված պետության՝ ավելի ու ավելի տարրալուծումը: Թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության համառ ժխտումը նոր ագրեսիա է, որը պետք է դատապարտվի եւ արգելվի, սակայն միաժամանակ բացառում է Թուրքիայի բազմաթիվ արժանապատիվ կանանց եւ տղամարդկանց առերեսումը սեփական պատմության հետ:
Չնայած հսկայական քանակությամբ ապացույցներին, որոնք մատնացույց են անում հայ ժողովրդի հանդեպ ծրագրված եւ կազմակերպված ցեղասպանության փաստը, 1915 թվականից մինչ օրս իրար հաջորդած թուրքական ռեժիմների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը շարունակվում է:
Կարելի է տարբեր տեսանկյուններից դիտարկել ժխտումը՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում բարենպաստ քաղաքական վարկանիշ ստեղծելու թուրքական փորձերը, սակայն դրանց միավորում են պետության աջակցությամբ իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են հիշողության դեմ պայքարին:
Արդարադատության առջեւ «խելացի ժխտում» չի լինում՝ անկախ ռազմավարությունից եւ մեթոդներից, որոնք թուրքական իշխանությունները հորինում են փակ սահմանների եւ փակ դռների հետեւում: Ժխտումը լինում է կա՛մ կարճաժամկետ, կա՛մ երկարաժամկետ, բայց երբեք չի վերաճում իրականության: Այդ կերպ հայտնին չի վերածվում անհայտի՝ անկախ այն հանգամանքից, թե խեղաթյուրման եւ ժխտման հարյուր երանգները որքանով են քողարկում ճշմարտությունը, իսկ նրանք, ովքեր փորձել են դա անել, իրենք են հայտնվել պատմության աղբանոցում: Երկրին կառավարության ժխտողական ուղին պարտադրելը ռազմավարության, նպատակների եւ ապագայի տեսլականի բացակայության ցուցանիշ է:





























