Հոլանդացի գեղանկարիչ Վինսենտ Վան Գոգի «Ալֆոնս Դոդեի հողմաղացը» կտավը 100 տարի անց առաջին անգամ կցուցադրեն հանրությանը։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Արվեստի գործը կցուցադրվի մարտի 13-ին հոլանդական Մաաստրիխտ քաղաքի TEFAF տոնավաճառում։ Կտավը գնահատվում է մոտ 10 մլն դոլար։
Բրիտանացի հետազոտողները Ամստերդամում Վան Գոգի թանգարանի հետ համատեղ փորձաքննություն են կատարել եւ ապացուցել, որ «Հողմաղացը» իրոք պատկանում է Վան Գոգի վրձնին։ Նախկինում նկարը չի հանվել ցուցադրության, քանի որ դրա հեղինակի հարցում կասկածներ կային, գրում է Lenta-ն։
Կտավը ստեղծվել է 1888թ.։ Այն բնապատկեր է, որի կենտրոնում պատկերված է կոտրված հողմաղաց՝ շրջապատված խաղողի այգիներով։ Նկարը արված է թղթի վրա մատիտի, եղեգնյա փետուրի եւ թանաքի միջոցով, իսկ ավելի ուշ՝ պատվել ջրաներկով։




























