NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Սթիվեն Բրաունի՝ ամերիկյան քաղաքական «FrontPage Magazine» ամսագրում հրապարակված հոդվածը:
«Հաջորդ ամիս ամբողջ աշխարհի հայերը հիշատակելու են հայկական Հոլոքոստի 100-րդ տարելիցը, որի ընթացքում այդ ժողովրդի 1.5 մլն ներկայացուցիչներ բարբարոսաբար ոչնչացվեցին թուրք-օսմանների ջիհադի շնորհիվ, որն այսօր շարունակում է «Իսլամական պետությունը»: Անատոլիայի հայերի այդ կոտորածը նաեւ Հիտլերին առիթ տվեց մտածելու, որ կարող է անպատիժ կերպով ոչնչացնել հրեաներին, լեհերին եւ գնչուներին:
1915 թվականի ողբերգությունը խորը սպի է թողել հայերի հոգիներում՝ նման այն սպիներին, որոնք նացիստական Հոլոքոստը թողել է աշխարհի հրեաների հոգիներում: Պետք էր կարծել, որ Օբամայի վարչակազմը պետք է մեծ զգայնություն ցուցաբերի սպանված հայերի հիշատակի նկատմամբ, հատկապես մահմեդական թշնամիների կողմից, մասնավորապես՝ ապրիլին հայկական Հոլոքոստի 100-րդ տարելիցի մոտենալու հետ կապված: Սակայն անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը հայերին կոչ արեց «մարդասիրական ժեստ» ցուցաբերել եւ ազատ արձակել ադրբեջանական երկու ահաբեկիչներին, որոնք Ադրբեջանից անցել էին սահմանը եւ երկու մարդ սպանել, այդ թվում՝ 17-ամյա պատանու: Երրորդ տուժածը՝ հայ կին, ծանր վիրավորվել է:
Պատճառը, ըստ որի Ադրբեջանի շահերից ելնելով՝ ադրբեջանական մարդասպաններին ազատ արձակելու խնդրանքով Օբամայի վարչակազմը դիմել է հայկական կողմին, հավանաբար, ամենեւին էլ մարդասիրական չէ, ինչպես պնդում են: Ինչպես եւ արաբական որոշ երկրներ, Ադրբեջանը հարուստ է նավթով, իսկ Հայաստանը նավթ չունի: Ամերիկյան ընկերությունները նույնպես ներդրումներ են կատարել ադրբեջանական նավթային արդյունաբերությունում: Բացի այդ, ե՛ւ Իսրայելը, ե՛ւ ԱՄՆ-ն Իրանի դեմ դիմակայելու հարցում տարածաշրջանում դաշնակից են համարում Ադրբեջանին: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի հետ բիզնեսն ու ռազմավարական շահերն են Նուլանդի կողմից հնչեցված նման կոչի իրական պատճառները:
Եթե Պետքարտուղարությունն իսկապես ցանկանում է տարածաշրջանում «թուլացնել լարվածությունն ու ամրապնդել վստահությունը», ապա պետք է նախ Ադրբեջանից ու Թուրքիայից պահանջի դադարեցնել շրջափակումը եւ բացել Հայաստանի հետ սահմանները՝ դադարեցնելով վնաս հասցնել հայկական տնտեսությանը: Հենց այդպիսի մարդասիրական ժեստի պետք է հետեւել, այլ ոչ թե ձգտել հասնել երկու մարդասպանների ազատ արձակմանը:
Սահմանների բացումը ոչ միայն լավ սկիզբ կլինի տարածաշրջանային այլ խնդիրների լուծման համար, այլեւ կնպաստի հայերի վախի նվազեցմանը, որ իրենց մահմեդական հարեւանները պարզապես ցանկանում են ավարտին հասցնել ոչնչացման նախագիծը, որը սկսել են 1915 թվականին: Դա նաեւ բարեկամության եւ հաշտեցման՝ միանգամայն տեղին ժեստ կլինի, հատկապես Թուրքիայի կողմից, ամբողջ աշխարհում սարսափելի իրադարձությունների 100-րդ տարելիցը հիշատակող հայերի հանդեպ:
Ամեն դեպքում, սկզբունքային դիրքորոշում ընդունելու փոխարեն, որը կօգներ նվազեցնել այդ ցավը, Օբամայի վարչակազմը, թվում է, անսկզբունքային պրագմատիզմի դիրք է ընդունել»:





























