Եվրամիության վիճակագրական ծառայությունը՝ Եվրոստատը, երջանկության միջազգային օրը նշել է եվրոպական տարբեր երկրների բնակիչների՝ կյանքից գոհունակության շուրջ հետազոտությամբ: Եվրոպացիների երջանկությունը գնահատվել է 10 բալանոց սանդղակով:

Ամենաերջանիկ եվրոպացիների վարկանիշի առաջատարներն են դանիացիները, ֆինները եւ շվեդները: Նրանք ամենաբարձր՝ 8 միավոր ցուցանիշ են արձանագրել:

Բրիտանիայի ցուցանիշը 7.3 միավոր է: Հետազոտողները նշում են, որ ամուսնացած մարդիկ միայնակներից կամ զուգընկերների հետ ապրողներից ավելի երջանիկ են, ինչպես նաեւ երիտասարդներն ու կենսաթոշակի անցածներն ավելի երջանիկ են միջին տարիքի մարդկանցից:

Ըստ MIGnews-ի, իրենց կյանքից ամենաքիչը գոհ են Բուլղարիայի բնակիչները: Այստեղ երջանկության ամենացածր ցուցանիշն է ամբողջ Եվրոպայում՝ 4.8: Բուլղարիայից բացի, վարկանիշի վերջին հորիզոնականներում են Հունաստանը (6.2), Պորտուգալիան (6.2) եւ Իտալիան (6.7):