«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս եկած պատգամավորները կզրկվեն ԱԺ միջազգային պատվիրակություններում հանդես գալու հնարավորությունից, նրանց կփոխարինեն ԲՀԿ անդամ մնացած պատգամավորները: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Այս եւ այլ թեմաների շուրջ մենք զրուցեցինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:
Տիկին Զոհրաբյան, այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ քաղաքական թիմը կանչվել է վարչապետի մոտ, կուսակցության տարածքային կառույցները «կուրացիա» է անելու պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Դա խայտառակ եւ անամոթ ապատեղեկատվություն է, չի եղել նման բան, նախ՝ ԲՀԿ քաղաքական թիմի անդամին որեւէ մեկը որեւէ տեղ չի կարող կանչել, երկրորդ՝ հրապարակված տեղեկատվությունը խայտառակ եւ անամոթ սուտ է: Հիմա էլ անցան հաջորդ սցենարին՝ փորձել հակասություններ մտցնել քաղաքական թեւի ներկայացուցիչների միջեւ, չի հաջողվելու, ԲՀԿ քաղաքական թիմը կայուն է
Այդուհանդերձ, կա՞ն ինչ-որ տարաձայնություններ Ձեր եւ Աբրահամ Մանուկյանի միջեւ, ինչի մասին մամուլը շարունակում է համառորեն գրել:
Մարդկային առումով ես ԲՀԿ որեւէ անդամի, այդ թվում՝ նաեւ կուսակցությունից դուրս եկածների հետ որեւէ խնդիր չունեմ, եթե որեւէ մեկի հետ կա որեւէ խնդիր, ապա դա վերաբերում է բացառապես աշխատանքային հարթությանը, ավելին թույլ տվեք չասել:
Այսօր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ հայտարարությունների ժամին պատրաստվում է հայտարարություն անել, լուրեր են շրջանառվում, որ նա ստեղծում է կուսակցություն, ինչո՞ւ չեք արձագանքում Ձեր գործընկերոջ քայլերին:
Ես շարունակելու եմ չարձագանքել Տիգրան Ուրիխանյանի քայլերին, կա կուսակցական կանոնադրություն, եւ երբ կարվի կուսակցության կանոնադրությանը դեմ որեւէ քայլ, բնականաբար դրան համապատասխան կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի: Իսկ ես ինչպես շարունակել եմ չարձագանքել, այնպես էլ շարունակելու եմ չարձագանքել թե իր, թե մյուսների քայլերին, ովքեր ինչ-ինչ հակասություններ ունեն կուսակցության հետ:
Տիկին Զոհրաբյան, մեզ լուրեր են հասել, որ Դուք երեկ դիմում եք գրել Գալուստ Սահակյանին եւ դուրս եք եկել «Եվրանեսթ» քաղաքական պավիրակության կազմից՝ վայր դնելով նաեւ քաղաքական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը:
Այո, դա իրականոթյուն է, մի քանի տարի է՝ ես «Եվրանեսթի» պաըվիրակությունում էի, շատ կարեւոր եւ առանցքային պատվիրակություն, որտեղ ես զբաղեցնում էի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, գտնում եմ, որ ժամանակն է, որ խմբակցության այլ անդամներին եւս, ովքեր ունեն պոտենցիալ, միջազգային կառույցներում աշխատելու կարողություն եւ փորձ, տալ հնարավորություն դրսեւորվելու: Միքայել Մելքումյանը, որը «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի կազմում էր, ինձ կփոխարինի հիմնական կազմում:
Ի դեպ, մեզ նաեւ տեղեկություններ են հասել, որ երեկ խմբակցության նիստին քննարկվել է այն հարցը, որ կուսակցությունից դուրս եկած պատգամավորները պետք է հրաժարվեն ԲՀԿ-ի անունից այս կամ այն միջազգային պատվիրակությունում հանդես գալու հնարավորությունից:
Այո, այդ հարցը քննարկվել է, դա ոչ միայն բարոյական կողմ ունի, այլ կուսակցության համար քաղաքական կողմ: Եթե կուսակցությունից դուրս եկած պատգամավորը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություն ունի կուսակցության քաղաքական գծի հետ, բայց շարունակում է կուսակցության անունից մնալ լրջագույն, միջազգային կառույցներում, գտնում եմ, որ այստեղ խնդիր կա: Բոլոր լրջագույն պատվիրակությունների կազմում առաջիկայում մենք անելու ենք վերանայումներ եւ այն պատգամավորները, ովքեր կուսակցությունից դուրս են եկել՝ անհամաձայնություն ունենալով կուսակցության գծի հետ, բնականաբար իրենց տեղը զիջելու են, որովհետեւ առնվազն անհասականալի կլինի, որ ԲՀԿ-ն քաղաքական պատասխանատվություն կրի ԲՀԿ անդամ չհանդիսացող այս կամ այն պատգամավորի միջազգային որեւէ կառույցում արած հայտարարության համար,, դա թե բարոյական, թե քաղաքական առումով ճիշտ եւ գրագետ քայլ կլինի:
Ինչո՞ւ պետք է մենք ամեն անգամ մտավախություն ունենանք, որ այս կամ այն պատգամավորի պատճառով կուսակցությունը կարող է հայտնվել ոչ շահեկան վիճակում: Երբ կգա պահն անդրադառնալու պատվիրակությունները վերանայելու խնդրին, մենք այդ քննարկմանը կհրավիրենք նաեւ կուսակցությունից դուրս եկած նշյալ պատգամավորներին, եւ կփորձենք հասկանալ, թե ինչպես են իրենք պատկերացնում իրենց աշխատանքը միջազգային այս կամ այն կարեւոր ամբիոնում ԲՀԿ-ի քվոտայով՝ չլինելով ԲՀԿ անդամ եւ չկիսելով ԲՀԿ տեսակետներն ու դիրքորոշումները:





























