Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն օգտագործել է մասնավոր երեկույթի մասնակցելու համար։ Այս մասին մարտի 24-ին հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Այցի նպատակը լեռնահանքային մագնատ Փոլ Մարքսի կազմակերպած երեկույթն է եղել։ Ինչպես գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, անցյալ տարի միլիոնատերը Ավստրալիայի իշխող Լիբերալ կուսակցության հիմնադրամին  250 հազար դոլար էր նվիրաբերել, եւս 500 հազար հիմնադրամը ստանում է Nimrod Resources ընկերությունից, որը պատկանում է Մարքսին։

Վարչապետի աշխատակազմից հաստատել են անցյալ կիրակի Էբոթի՝ Մելբուռն  այցելելու փաստը, սակայն ընդգծել են, որ այցի ընթացքում վարչապետը ունեցել է նաեւ պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված այլ հանդիպումներ։

Ընդդիմության ներկայացուցիչները երկրի վարչապետից հրապարակային բացատրություն են պահանջել։