ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը»։

Facebook-ի իր էջուն նա ներկայացրել է հետեւյալ քայլերը.

«Քայլ 1- Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչեւ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:

Քայլ 2 - Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ եւ քաղաքացիական առավելագույն ներուժ։

Քայլ 3 - Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։

Քայլ 4 - Ձեւավորել ստվերային կառավարություն։

Քայլ 5 - Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձեւավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր։

Քայլ 6 - Սփյուռքում ձեւավորել դիտորդական խմբեր, որոնք ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։

Քայլ 7 - Մասնակցել ընտրություններին եւ ստանալ ժողովրդի վստահության քվեն։

Քայլ 8 - Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած եւ մեծամասշտաբ կեղծումների մասին հավաստի եւ դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր։

Քայլ 9 - Իրականացնել իշխանափոխություն եւ ստանձնել Հայաստանի կառավարումը։

Քայլ 10 - Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած՝ Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը»։