Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: NEWS.am-ի նախնական տեղեկություններով՝ ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Բյուրեղավանում, սակայն տուժողները հետապնդել են հանցագործներին մինչեւ Նոր Գեղիի խաչմերուկ:
Այստեղ ըստ նախնական տեղեկությունների, հանցագործներից մեկը դուրս է եկել մեքենայից եւ հայտարարել. «Չմոտենաք, կկրակեմ»: Այդ պահին կրակոց է հնչել եւ վիրավորվել է հենց ինքը: Դեռեւս հայտնի չէ, թե ով է կրակել:
Վիրավորին շատպօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայրում են գտնվում ոստիկանության աշխատակիցները: Նախնական տեղեկություններով հանցագործներից մեկին տեղափոխել են ոստիկանության բաժին:
NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ ունեն ահազանգ, համապատասխան միջոցառումներ են իրականացնում: Առայժմ այլ մանրամասներ չհաղորդեցին՝ պատճառաբանելով, որ հանգամանքները ճշտվում են:




























