Մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանն ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել է այն, ինչ իրեն հրահանգել են։ Այսօր՝ մարտի 24-ին, նման կարծիք հայտնեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեսանյութին։
Կոմանդոսին տեսանյութը չի զարմացրել. նրա կարծիքով՝ Ադրբեջանի գործելաոճը նորություն չէ։
«Ես վստահ եմ, որ պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, ՊԲ-ն երբեք չի խաբում հասարակությանը, դրանում ինքս համոզված եմ, քանի որ հակառակ դեպքում ժողովուրդը կսկսի չվստահել նրանց։ Ինչ վերաբերվում է տեսանյութին, ապա զարմանալու բան չկա, քանի որ նույն Ադրբեջանն իր զոհերի թիվը չի հայտնում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է միշտ հաղորդում»,- ասաց Կոմանդոսը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյանուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցելՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Մեկ օր անց ադրբեջանական կայքերը տեսանյութ են հրապարակել, որի մասին ԼՂՀ ՊԲ-ն մասնավորապես ասել է. «Նախ նշենք, որ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է եւ չի համապատասխանում իրականությանը: Դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին եղել է տեղում եւ տիրապետել իրավիճակին, սակայն ինչպես կանոն իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել: Ակնհայտ է, որ տեսանյութի օգնությամբ հակառակորդը անհաջող փորձ է կատարել բարձրացնելու իրենց դիրքապահների դերը»։





























